Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քարոզարշավ. օր քսանմեկերորդ. Կարեն Կարապետյանի «իշխանափոխության» շնորհանդեսը

Քարոզարշավ. օր քսանմեկերորդ. Կարեն Կարապետյանի «իշխանափոխության» շնորհանդեսը
26.03.2017 | 16:14

Երեկ Երևանում տեղի է ունեցել իրադադձություն, որն ուղղակիորեն կապ չունի ընտրությունների հետ, սակայն մեծապես կարող է ազդել ոչ միայն դրանց արդյունքների վրա, այլ նաև կանխորոշել Հայաստանի իշխանության քաղաքական, սոցիալական կառուցվածքը` հինգ, տասը տարվա կտրվածքով: Վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ երեկ պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Սա այն ներդրումային փաթեթն է, այն փողերը, որոնց մասին Կարապետյանը խոստանում է նախընտրական գրեթե բոլոր հանդիպումներին, հաճախ նշելով, թե մարզերից յուրաքանչյուրն ինչքան գումար է ստանալու: Սակայն այլ բան է, երբ ընտրողը լսում է վիրտուալ խոստումներ` դա վերագրելով նախընտրական պոպուլիզմին և միանգամայն այլ իրականություն, երբ նա վարչապետի կողքին տեսնում է աշխարհի ամենահարուստ հային` «Տաշիր գրուպի» սեփականատեր Կարեն Կարապետյանին:

Սա իրադարձություն է, որը, առանց չափազանցության, բեկումնային է այս ընտրարշավում և մեծապես կարող է նպաստել Կարեն Կարապետյանի դեմքով հանդես եկող ՀՀԿ-ի վարկանիշի աճին, մանավանդ, տարածված կարծիքի համաձայն, գործող վարչապետը կոալիցիաների հետ հավես չունի և ձգտում է միակուսակցական կառավարության ձևավորման: Պատահական չէր այն անթաքույց ոգևորությունը, որ Կարեն Կարապետյանին ուղեկցում էր ռուսաստանցի հայ գործարարների հետ հանդիպմանը: Այս փողերը, ըստ էության, դրվում են Կարեն Կարապետյանի, նրա կառավարության հաջողության, նրա քաղաքական հեռանկարի վրա: Կայքերից մեկը դիպուկ էր նկատել, որ խոսքը ոչ այնքան ներդրումների, որքան` դրանով պայմանավորված իշխանափոխության մասին է: Իշխանափոխությունը, առաջին հերթին, նոր որակ է, ու բնավ պարտադիր չէ, որ այն տեղի ունենա փողոցներում` հեղափոխական համազարկերով: Ուզում եմ ասել, որ երեկվա իրադարձությունը միայն մարտավարական առումով է առնչվում մեկ շաբաթից կայանալիք ընտրություններին, իսկ գլոբալ առումով անդրադառնում է իշխանության հարցին 2018-ի ապրիլից հետո: Կարեն Կարապետյանը չի էլ թաքցնում, որ իշխանության դեմքը փոխելու, քրեաօլիգարխիային հակակշիռ իր հենարանը ստեղծելու խնդիր ունի: «Ակումբի անդամները նաև իրենց բարոյական կերպարով, պահելաձևով նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը չափազանց կարևոր է»,-երեկ ասել է Հայաստանի վարչապետը: Կարեն Կարապետյանը հմուտ մենեջեր է ու շատերից ավելի լավ է հասկանում, որ իշխանությունը փոխելու համար անհրաժեշտ է փոխել կապիտալի հաշվեկշիռը Հայաստանի տնտեսությունում: Կարեն Կարապետյանը չի հայտարարում, բայց գործնական քայլով հրապարակայնացնում է, որ քաղաքական ամբիցիաներ ունի, որոնք չեն սահմանափակվում միայն այս ընտրություններով: Նրա մտադրություններն անուղղակի հաստատում է մեծահարուստ Սամվել Կարապետյանը, ասելով, որ իրենք աջակցելու են Կարեն Կարապետյանին, նոր ակակնկալներ են լինելու և, ինչպես պատկերավոր արտահայտվել է գոդծարարը` «մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու»: «Տաշիր գրուպի» նախագահի խոսքի հաջորդ հատվածը միտված է եղել ընտրություններում ՀՀԿ-ի քվեների ավելացմանը: «Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման»,-ասել է նա:

Բայց, ինչքան էլ դրական լինի արտաքին ֆոնը, ընտրարշավն ընթանում է ոչ այնքան քաղաքակիրթ միջավայրում: Հենց նույն Կարապետյանն օրենք է խախտում: Վարչապետը երեկ ևս Արագածոտնի մարզում շրջել է ծառայողական մեքենայով, իսկ նրան ուղեկցել են պետավտոտեսչության մի քանի գումարտակներ։ Կամ ացած գիշեր Էջմիածնում դանակով սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Էլ չեմ ասում դպրոցի տնօրենների ձայնագրության հետ կապված սկանդալի և հանրապետականների անհեթեթ մեկնաբանութնունների մասին, որոնք ավելի շատ ծաղրում են ընտրողներին, քան ապացուցում են ՀՀԿ-ի անմեղությունը:


«Ելք» դաշինքը երեկ «Անկախ քաղաքացու մանիֆեստ» է հռչակել։ Դաշինքի անդամների խոսքով՝ պետք է հրաժարվել կեղծ գործոններից ու Հայաստանում հաստատել անկախ քաղաքացու իշխանությունը։ Փողը, վախը և արհեստական հեղինակությունները երեք հիմնական գործոններն են, որոնք կեղծում են ընտրությունները նախքան տեղամաս գնալը՝ գրված է մանիֆեստի մեջ։ Լուսավոր գաղարար է, բայց` հետոյի համար, իսկ այս ընտրություններում հաղթելու են հենց «փողը, վախը և արհեստական հեղինակությունները»:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ